29/03/2026
Մենք էլ շուտով՝ տաք օրերի պես ու հետ կբացվենք 🌞
Բայց մինչ այդ կուզենք Ձեր՝ մեր սիրելի հյուրերիդ հետ կիսվել սրճարանի մասին հայերենով գրված թերևս լավագույն տեքստերից մեկով.
«Սրճարանը հրապարակախոսություն է, ավելի պարզ՝ հանրային պառլամենտ, ուր քաղաքացիները հրապարակում են իրենց մտքերն ու գաղափարները, նորություններն ու բամբասանքները: Սրճարանը քաղաքի փիլիսոփայությունն է, նրան է վերապահված իրականացնել քաղաքի գաղափարական հաղորդակցությունը: Հանրային այս տարածությունը ոչ միայն հարցուպատասխանի, սուր բանավեճերի քաղաքական հարթակ է, այլև այն ցատկահարթակը, որտեղից գաղափարական արտադրանքը նետվում է դեպի հրապարակներ: Սրճարանն է պատրաստում պայքարի հրապարակը՝ այստեղ ծեծվում, մշակվում է հանրային մարմինը, որ հրապարակում չվերածվի «թնդանոթի մսի»: Իհարկե, սա ամենևին չի նշանակում, թե սրճարան այցելող յուրաքանչյուր մեկը պետական հեղաշրջման թաքուն նպատակադրում պիտի ունենա: Հակառակ դեպքում, քաղաքների երեսից վաղուց սրբված կլինեին բոլոր սրճարանները: Բայց չես էլ ասի, թե իսկական սրճարանը մի շատ անմեղ գոյություն է, և նրա գլխավոր ուղերձը հենց հեղափոխությունը չէ: Այնտեղ, ուր կա երկխոսություն, դա արդեն հեղափոխության փորձ է: Իսկ սրճարանը գտնված վայր է ոչ միայն երկխոսության համար, այլև փոխազդեցություն է, ցույց: Սրճարանը մի քանի անգամ ավելի շատ քաղաքականություն կարող է արտադրել, քան՝ հրապարակը, որովհետև հրապարակը թամաշա է ընդամենը, և չունի սրճարանի բազմազան գործիքակազմը: Հրապարակը վեճ է, իսկ սրճարանը՝ զրույց: Ահա այն ամենը, ինչ կուզեի ձեզ ասել սրճարանների, ավելի ճիշտ՝ հեղափոխության, իսկ առավել ստույգ՝ մշակութային հեղափոխության մասին»:
Վարդ Սիմոնյան